Նորվեգիան հիասթափված է Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու ընթացակարգեր սկսելու Ռուսաստանի հայտարարությունից եւ նախատեսում է այլ մասնակիցների հետ քննարկել պայմանագրի պահպանման հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թագավորության արտգործնախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ընթացակարգերի մեկնարկի մասին: Գերատեսչությունը նշել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո «մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել պայմանագրի կնքման ժամանակ, էապես խաթարվել է», իսկ պայմանագրի Մոսկվայի գործընկերները չեն աջակցել Ռուսաստանի առաջարկներին՝ նոր պայմաններում դրա կենսունակությունն ապահովելու համար:

«Նորվեգիան հիասթափված է Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունից: Բաց երկնքի պայմանագիրը թույլ է տալիս անզեն դիտորդական թռիչքներ, ինչը նպաստում է ռազմական գործողությունների թափանցիկությանը եւ մասնակից երկրների միջեւ վստահության ամրապնդմանը»,- ասել է Սյորեյդեն:

Նրա խոսքով՝ պայմանագիրը կարեւոր ներդրում ունի ռիսկերի նվազեցման եւ ընդհանուր անվտանգության մեջ: Նախարարը հավելել է, որ Նորվեգիան մտահոգված է «սպառազինության վերահսկման ռեժիմների շարունակական ոչնչացմամբ»:

«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից, մենք ստիպված կլինենք այլ մասնակից երկրների հետ քննարկել այն հարցը, թե արդյոք եւ ինչպես կարելի է պահպանել այդ պայմանագիրը»,- ընդգծել է Սյորեյդեն: