Թբիլիսիում տեղի ունեցած հուզումները ձեռնտու են միայն իշխանություններին եւ ամրապնդում են վարչակազմի դիրքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց վրացի փորձագետ Ռամազ Սակվարելիձեն` մեկնաբանելով Վրաստանի նախկին ԱԺ նախագահ, «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի կազմակերպած ցույցերը եւ դրանց հետեւանքները:
«Գիտեք, այստեղ մարդկանց են հողին հանձնում, ովքեր մասնակցել են ցույցերին: Նրանք, ովքեր տեսնում են դա, այլեւս չեն ուզում մասնակցել այդ միջոցառումներին, քանի որ դրանց մասնակցելուց հետո հնարավոր է իրենց եւս թաղեն»,-նշեց փորձագետը:
Գնահատելով վրացական ընդդդիմության շանսերը` Սակվարելիձեն ընդգծեց, որ դրանք գրեթե զրոյական են: «Խնդիրը վրացի ժողովրդին հնարավոր հաղթանակ ու երկրում կատարվող փոփոխությունների հույս ներշնչելն է: եթե այդ հավատը չլինի, ամեն ինչ իզուր է, եւ Բուրջանաձեի ու մյուս ընդիմադիրների բոլոր շանսերը զրոյի են հավասար»,-նշեց փորձագետը:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են միմյանց հետ կապված Վրաստանում արտագաղթի ծավալների մեծացումն ու ներքին հուզումները, քաղաքապետը նշեց, որ այստեղ կարեւոր է այլ խնդիր, ոչ թե արտագաղթի տեմպերի մեծացումը. «Խնդիրը քաղաքականության մեջ չէ, այլ սոցիալ-քաղաքական իրավիճակի: Մարդիկ գնում են հաց որոնելու, իսկ հացը հաց է նաեւ Ավստրալիայում»,-նշեց վրացի փորձագետը:
Հիշեցնենք, որ Վրաստանում տեւական ժամանակ է անցկացվում են բողոքի ակցիաներ: Հիմնական կազմակերպիչը «ժողովրդական ժողով» ընդդիմադիր ուժի ղեկավար Նինո Բուրջանաձեն է: Թբիլիսիում մայիսի 26-ին ոստիկանական ուժերը ուժի միջոցով ցրել են «Ժողովրդական ժողովի» ցույցը: Ոչ պաշտոնական տվյալներով, 46 մարդ համարվում է անհետ կորած, իսկ իրավապահ համակարգի երկու ներկայացուցիչ զոհվել է: Տեղեկություն կա նաեւ մեկ ցուցարարի մահվան մասին:




























