Եվրոպական Միությունը հավելյալ 5 մլն եվրո է հատկացրել Արեւելյան համագործակցության շրջանակներում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար: Այդ մասին այսօր` հունիսի 7-ին հրավիրած շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Աջակցություն ստանալու են հետեւյալ երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան: Գումարները փոքր եւ միջին բիզնեսին հատկացվում են գործարար խորհրդատվությունների (BAS ծրագիր) եւ կառավարման համակարգերի բարելավման (TAM ծրագիր) նպատակով: Ծրագրերից օգտվում են այն ընկերությունները, որոնք ունեն 10-250 աշխատակից, եւ որոնց կանոնադրական կապիտալում հայաստանցիների մասնաբաժինը առնվազն 50+1 տոկոս է:
Որպես կանոն` դրամաշնորհը տրվում է համաֆինանսավորման կարգով` 30-70 տոկոսի չափով: Ի դեպ` ծառայություններ մատուցողները նույնպես հայկական ընկերություններ են; Ըստ Վ. Ռազլոգի` փոքր բիզնեսը Հայաստանի տնտեսության ողնաշարն է, ու այս ծրագրերը օգնում են փոքր բիզնեսի աճին;
Նշենք, որ BAS ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2003 թվականից` դոնորներից ներգրավելով մոտ 5.3 մլն եվրոյի ֆինանսավորում: M_acadamian ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանն, օրինակ, NEWS.am-ին ասաց, որ օգնել են Արաբկիրի հիվանդանոցին` կառավարման համակարգի ավտոմատացման ծրագիր ներդնել:
Տիկ. Մեհրաբյանի խոսքով` հայկական հիվանդանոցների մեծ մասը դեռեւս պատրաստ չեն նման համակարգեր ներդնելու, նրանց մի մասը նույնիսկ բավարար տեխնիկական հագեցվածություն չունի (բացակայում են համակարգիչները): Սակայն իրենց ընկերությունը հույս ունի ՎԶԵԲ-ի օգնությամբ դուրս գալ գերմանական շուկա, որտեղ նման ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկ կա:




























