NEWS.am-ը ներկայացնում է ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական հետազոտությունների Ինստիտուտի փոխտնօրեն (միջազգային հարցերով) Մաքսիմ Յուսինի հոդվածը, որը հրապարկվել է «ВЗГЛЯД» պարբերականում: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախաշեմին Յուսինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: 

«Ամսվա վերջին Կազանում կայանալիք նախագահների հանդիպման մոտենալուն զուգահեռ` Բաքվում դարձյալ ավելի լսելի են դառնում ռազմատենչ հայտարարությունները:

Բոլորին գերազանցել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհն անխուսափելի է:

«Ի վերջո, ադրբեջանցի զինվորը կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը եւ թշնամուց կազատագրի բռնազավթած հողերը»,- հայտարարեց Սաբիրօղլուն մամուլի ասուլիսում: Այսպիսի անբարենպաստ ֆոնին բանակցությունների սեղանի շուրջը կնստեն Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը:

Հայաստանին եւ Ղարաբաղին ուղղված սպառնալիքները Բաքվի կողմից նորություն չեն, սակայն այդքան հստակ դեռ երբեք սպառնալիքը չէր ձեւակերպվել: Շատ հնարավոր է, որ նոր պատերազմ լինի, սակայն ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը: Եթե Բաքուն իսկապես պատրաստվեր հարված հասցնել, ապա դժվար թե պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին զգուշացներ հակառակորդին: Բայց միջնաժամկետ հեռանկարում երկրորդ ղարաբաղյան պատերազմը շատ հավանական է:

Դրա պատճառը խաղաղ կարգավորումն է, որի մասին այդքան խոսում են դիվանագետները, սակայն այդ գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից այնպես, ինչպես 17 տարի առաջ, երբ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները հերթական այցով ժամանել են Անդրկովկաս, որպեսզի իրավիճակը հանեն փակուղուց: Սակայն մինչեւ այսօր նրանց ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել:

Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է ղարաբաղյան հայերին տրամադրել «ինքնավարության ամենաբարձր աստիճանը, որ գոյություն ունի աշխարհում»: Բայց դրանից ոչ ավելի: Բաքուն համաձայն չէ ճանաչել Ղարաբաղի անջատումը:

Երեւանի եւ Ստեփանակերտի համար այդպիսի պայմաններն անընդունելի են: Հայերը հայտարարում են, որ երբեք չեն վերադարձնի Արցախը Ադրբեջանին: Նրանք կարող են հակառակորդին վերադարձնել յոթ ադրբեջանական շրջանները, որոնք բռնազավթել են «առաջին ղարաբաղյան պատերազմի» ընթացքում, սական Ղարաբաղը վերադարձնել չեն կարող:

Այդ շրջանները հայերին պետք են միայն մեկ նպատակով` որպես բուֆերային գոտի նոր հակամարտության դեպքում: Եթե Բաքուն հրաժարվի հավակնել Ղարաբաղին, ապա պատերազմն օրակարգից դուրս է բերվում: Հետեւաբար չկա իմաստ պահել Աղդամը, Ֆիզուլին, Կուբաթլին, Զանգելանը, Քելբաջարը: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մեծ մասը հենց այդ շրջաններից են, այլ ոչ թե Ղարաբաղից:

Սակայն այդպիսի «մասնակի տարբերակը» Բաքվին չի բավարարում: Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են պահանջում բոլոր «օկուպացված հողերի», այդ թվում բազմաչարչար Լեռնային Ղարաբաղի վրա: Ստացվում է փակուղի, որից 17 տարիներին ոչ մի միջազգային միջնորդ ելք չգտավ:

Անառարկայական բանակցություններին միակ այլընտրանքը պատերազմն է, կարծում են Բաքվի «ճուռակները»: Սակայն դժվար է հավատալ, թե ադրբեջանցի զինվորը «կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության եւ գերագույն գլխավոր հրամանատարի հույսերը», ինչպես խոստանում է պարոն Սաբիրօղլուն: Պատերազմում ամեն ինչ չի որոշվում զինուժի քանակով: Հայերի մարտական ոգու զորությանն ու նրանց կարգապահությանը ես ականատես եղա 1992 թվականին Ղարաբաղում: Ես տեսել եմ նաեւ ադրբեջանցի զինվորներին. համեմատությունն ակնհայտորեն նրանց օգտին չէ:

Իհարկե, այն ժամանակներից շատ ջրեր են հոսել: Ադրբեջանը վերակազմավորել եւ վերազինել է բանակը` նավթադոլարները թույլ են տալիս: Սակայն մարտական ոգին, կարգապահությունը, ռազմարվեստը գնել հնարավոր չէ:

«Հայկական ստորաբաժանումները մարտական պատրաստությամբ մի քանի անգամ գերազանցում են մրցակցին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` միայն զինված ուժեր»,- ԱՄՆ Արտաքինքաղաքական խորհրդի փորձագետ Ուեյն Մերրիի կարծիքն է:

Իհարկե, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանն այսօր Հայաստանից ավելի գերադասելի դիրքեր ունի: Բաքուն կարող է ռազմական կարիքների համար շատ ավելի մեծ միջոցներ տրամադրել: Այդ իմաստով, ժամանակն աշխատում է հայերի դեմ, բայց ոչ այնքան արագ, որքան կցանկանային ադրբեջանցիները: Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի եւ մյուս պետությունները չմիջամտեն, ապա դարձյալ կպարտվի: Իսկ այլ պետությունների չմիջամտելու մասին հոգ կտանի Ռուսաստանը:

Հայաստանը մեր ամենահուսալի դաշնակիցն է Անդրկովկասում եւ ամենահուսալիներից մեկն է ԱՊՀ-ում: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսաստանյան ռազմակայանը` արտասահմանում պահպանված մեր մի քանի ռազմական օբյեկտներից մեկը: Մարտական գործողություններում Մոսկվայի անմիջական ներքաշվածության մասին խոսք լինել չի կարող, բայց Մոսկվան ունի իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ միջոցներ` պահպանելով ձեւական չեզոքություն: Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմական պարտությունը, դիրքերի թուլացումը չեն մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ:

Բաքվում դա հասկանում են: Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն վերջերս հարցազրույցում հայտարարեց, թե հակամարտության լիարժեք կարգավորումը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության կնքումը չի բխում հարակից պետությունների շահերից: Ակնարկը հասկանալի է:

Այդուամենայնիվ, «երկրորդ ղարաբաղյան պատերազմն» ադրբեջանական ղեկավարության համար կլինի չարդարացված ռիսկային քայլ: Իլհամ Ալիեւը չի կարող չհասկանալ, որ ռազմական գործողությունները չեն սահմանափակվում «բռնազավթած շրջաններով»: Գործողությունները կտարածվեն ամբողջ երկրի վրա: Սպառնալիքի տակ կհայտնվեն նավթային հանքավայրերն ու տարանցիկ խողովակաշարերը: Պատերազմը երկար ժամանակով կվախեցնի ներդրողներին: Տնտեսական բումի մասին կարելի է մոռանալ: Այդուամենայնիվ, փաստ չէ, որ նույնիսկ այդ ամենի գնով հնարավոր կլինի վերադարձնել Ղարաբաղը: Բայց Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «տաք գլուխներն» իրենց նախագահին դրդում են վտանգավոր քայլերի: