Մոսկվայի Խիմկիի դատարանը Ալեքսեյ Նավալնուն կալանքի տակ է թողել 30 օրով՝ մինչեւ փետրվարի 15-ը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Վադիմ Կոբզեւը:
«Խիմկիի դատարանը որոշեց, որ Նավալնին կալանքի տակ կլինի մինչեւ փետրվարի 15-ը»,- ասել է փաստաբանը: Դատարանն իր որոշումը կայացրել է Խիմկի քաղաքի Ներքին գործերի վարչության շենքում կայացած արտագնա նիստում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Մոսկվայի Քրեակատարողական ծառայության դաշնային վարչության մամուլի ծառայությունում, հունվարի 17-ին, «Շերեմետեւո» օդանավակայանում, ձերբակալվել էր պայմանական պատժի դատապարտված Ալեքսեյ Նավալնին, ով 2020թ. դեկտեմբերի 29-ից հետախուզման մեջ էր` պայմանական ժամկետի բազմաթիվ խախտումների համար: Ծառայությունն ընդգծել է, որ նա անազատության մեջ կլինի մինչեւ դատարանի որոշումը: Հունվարի 29-ին Մոսկվայի Սիմոնովյան դատարանը կքննի՝ «Իվ Ռոշի» գործով Նավալնու պայմանական պատիժը իրականով փոխարինելու ՔԾԴՎ միջնորդությունը:
2014 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Նավալնուն դատապարտել էր երեք տարի վեց ամսվա ազատազրկման, 500 000 ռուբլի տուգանքով՝ խարդախության եւ փողերի լվացման համար՝ նշանակելով հինգ տարի ժամկետով փորձաշրջան: 2017-ի օգոստոսի 4-ին այն մեկ տարով երկարաձգվել էր:




























