Հունիսի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում կտրուկ վատացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանի առողջական վիճակը: Քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից ախտորոշվել է «սուր որովայն» եւ անմիջապես կանչվել է շտապ օգնություն:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ շտապ օգնության կողմից Գ.Սաֆարյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ բժիշկների եզրակացությամբ որոշվել է, որ վերջինս ենթակա է վիրահատման: Կալանավորն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կալանավորը ժամը 22:00-ին հետզոտվել է, որից հետո` վիրահատվել:

Հաջորդ օրը, հունիսի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում, նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:

Այս առնչությամբ, մամուլում գրվել է, որ կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում եւ որ շտապ օգնությունը պատշաճ չի արձագանքում քրեակատարողական հիմնարկի կանչերին:

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախկինում չորս անգամ դատապարտված Գագիկ Սաֆարյանը, մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 38-266-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը կատարվել է խոշոր չափերով):