Երեւանում աղեստամոքսային խանգարումներով աղիքային ինֆեկցիայի բռնկումը եւ վարակի հետագա տարածումը կանխելու համար Առողջապահության նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է կիրառել:

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նուբարաշեն ավանի 11 փողոցի խմելու ջրի որակի փոփոխություն է դիտվել:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից անհապաղ իրականացվել է համաճարակաբանական ուսումնասիրություն: Արդյունքում պարզվել է, որ խմելու ջուրն օգտագործելուց հետո բնակիչների մոտ նկատվել են աղեստամոքսային խանգարումներ:

Ջրի անբավարար որակի պատճառները պարզելու, ինչպես նաեւ աղեստամոքսային ախտանշաններով հիվանդներին վաղ հայտնաբերելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու եւ հայտնաբերված հիվանդների բուժումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվել են ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի /առաջնային բժշկական օղակ, Շտապօգնության ծառայություն/ մասնագետները, նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակիցները:

Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվել են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները`

1. կատարվել են բակային համայցեր` հիվանդների վաղաժամ հայտնաբերման, բուժման կազմակերպման եւ վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով.

2. հունիսի 3-ից 7-ը "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային խանգարումներով 67 հիվանդ` միջին եւ թեթեւ ծանրության, որոնցից 36-ը դուրս են գրվել լավացումով, մյուս հիվանդները ունեն լավացման դրական դինամիկա: Դուրս գրումները շարունակվում են.

3. ՀՀ ԱՆ կողմից հոսպիտալացված հիվանդների տնային օջախներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ.

4. աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, անջատվել է դիզենտերիայի հարուցիչ` S. flexneri 3a, էնտերովիրուս.

5. բնակչության շրջանում կազմակերպվել եւ իրականացվել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում եւ առողջ ապրելակերպի քարոզչություն` կոնտակտ-կենցաղային ճանապարհով հիվանդության տարածումը, կրկնակի դեպքերի առաջացումը կանխարգելելու նպատակով.

6. ջրամատակարարման համակարգից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական եւ քիմիկական լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հետազոտությունները շարունակվում են.

7. առկա տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական վերլուծություն, որի արդյունքում կատարվել է դեպքերի քարտեզագրում` համադրելով ջրագծերի հետ: Արդյունքում հայտնաբերվել է ջրագծի 1 վթար /հասցե 11 փողոց, 16 տան հարեւանությամբ/, որը կարող է հիվանդության առաջացման հավանական պատճառ հանդիսանալ:

«Երեւան ջուր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում վթարն արդեն վերացվել է:

Հարկ է նշել, որ աշխատանքներին ակտիվ մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի մասնագետները:

Աշխատանքները շարունակվում են: