Եվրամիությունը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Անկարան պետք է դա ապացուցի գործողություններով, այլ ոչ թե խոսքերով: Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման նախաշեմին:

«Մեզ համար կարեւոր է, որ Եվրամիությունն ու նրա անդամ պետությունները տեսնեն իրենց մտադրությունների իրականացումը գործնականում»,-ասել է Ստանոն, հաղորդում է France24-ը:

ԵՄ քաղաքական առաջնորդներն ընդլայնել են թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցները, որոնք մասնակցել են Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հորատմանը: Նրանք պետք է կրկին հանդիպեն մարտին հետագա պատժիչ միջոցները քննարկելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է ժողովրդավարական եւ դատական բարեփոխումներ անցկացնել, որպեսզի երկրին օգնի համապատասխանել Եվրամիությունում անդամակցության չափանիշներին:

Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը պնդում են, որ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ՝ ներառյալ այդ երկիր զենքի մատակարարման էմբարգոյի սահմանումԸ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը երկուշաբթի Անկարայում բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ: Նա ասել է, որ Բեռլինը «դրական ազդանշաններ» է տեսել Թուրքիայի կողմից:

Դորա Բակոյաննին՝ հույն պատգամավոր եւ ԱԳ նախկին նախարար, այս շաբաթ Մաասին կոչ է արել բացատրել, թե ինչու է նա լռել Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ, երբ թուրք նախարարը կրկնել է Հունաստանի հասցեին սպառնալիքները:

«Երկու երկրների միջեւ ցանկացած լարվածության համար պատասխանատու կլինի  Աթենքը, եթե հրաժարվի համագործակցությունից»,-ասել է Չավուշօղլուն:

Բակոյաննին ասել է, որ Հունաստանն իրավունք ունի վճռականորեն հայտնել իր դժգոհությունը, եթե Մաասը հասկացել է Չավուշօղլուի մեկնաբանությունները եւ չի արձագանքել: