Ընթացիկ տարվա վերջում ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը մտադիր է ներկայացնել զեկույց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Առնվազն այդ եզրակացության կարելի է գալ այդ հանձնաժողովի նախագահ Ժորդի Կոստայի հայտարարությունից:

Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այդ ենթահանձնաժողովի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը թուրք Մեւլութ Չավուշօղլուն, ում լիազորություններն այդ պաշտոնում ավարտվում են 2012 թվականի հունվարին, կանեն հնարավոր ամեն բան, այդ ենթահանձնաժողովի աշխատանքը տեղից շարժելու համար: Զոհրաբյանը նաեւ նշել է, որ ԵԽԽՎ Բյուրոյի այն անդամները, որոնք կողմ էին քվեարկել այդ ենթահանձնաժողովը ստեղծմանը, արդեն գիտակցել են վերջինիս անարդյունավետությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի` ԵԽ առջեւ ստանձնած պարտականությունների հարցին, ապա այն կքննարկվի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում: