ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարությունները բավական լուրջ են եւ բխում են հայկական կողմի ու միջազգային հանրության շահերից։ Հունիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝  լեհական Nowa Europa Wschodnia ամսագրին տված հարցազրույցը։

Նա վստահություն հայտնեց, որ ադրբեջանական  կողմը ստիպված կլինի ընդունել միջազգային իրավունքի համար ընդունելի տեսակետերը։ Մելիքյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ղարաբաղյան հարցի բանակցությունները կձգձգվեն։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ պետք է անկախ պետություն լինի։

«Ղարաբաղի անվտանգությունը նույնպես պետք է ապահովեն միջազգային ուժերը: Միայն հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո կարելի է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց սկսել»,- ասել է Մելիքյանը, այդ համատեքստում մեջբերելով Կասպշիկի հայտարարությունը` ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտության, ինչպես նաեւ այն մասին, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է տարբերվի ներկա կարգավիճակից: