Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վարակվել է կորոնավիրուսով: Լատինաամերիկյան պետության ղեկավարն այս մասին հայտնել է կիրակի երեկոյան Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ցավով տեղեկացնում եմ ձեզ այն մասին, որ կովիդով եմ վարակվել,- նշված է գրառման մեջ: - Ախտանիշները թեթեւ են, բայց ես արդեն բուժում եմ ստանում: Ինչպես միշտ, ես լավատես եմ»: 67-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ առավոտյան կոնֆերանսներին իրեն կփոխարինի ՆԳ նախարար Օլգա Սանչես Կորդերոն: «Ես երկրի ղեկավարմանը կհետեւեմ Ազգային պալատից»,- հավելել է նա:

2020 թվականին Մեքսիկայի կառավարության մի քանի անդամներ, այդ թվում ֆինանսների եւ պետական վարկի նախարար Արտուրո Էրերան կորոնավիրուսով էին վարակվել: Նրանք առողջացել են եւ վերադարձել ծառայողական պարտականությունների կատարմանը: