Ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է Գյումրիից Մինասի որմնանկարների Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Այսօր` հունիսի 8-ին Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ են իրականացրել: Այնուհետեւ նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները, փաթաթված վիճակում պետք է տեղափոխեին Երեւան: Սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի եւ Մինասի Ավետիսյան հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, որմնանկարներն այսօր չտեղափոխել:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների եւ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահին: Այնուհետեւ, հեռախոսային բանակցություններ անցկացվեց մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վերոհիշյալ խնդրի քննարկման նպատակով, վաղը որոշվեց անցկացնել հանդիպում մշակույթի նախարարի Գյումրիից մեկնող պատվիրակության հետ:

Այնուհետեւ որմնանկարները փաթաթված վիճակում տեղափոխվել են նույն գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվել են քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով:

Ավելացնենք, որ նկարչի որդու` Արման Ավետիսյանի կողմից գյումրեցիներին երաշխիք է տրվել, որ փականը գաղտագողի չի բացվի եւ նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար: