Հայաստան կեղծված դեղեր չեն ներկրվում: Այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ջի Էքս Փի» Գերազանցության Կենտրոնի ղեկավար Արամ Ղազարյանը: Սակայն, ըստ փորձագետի, «կեղծ դեղ» հասկացությունը բավական լայն է եւ իր մեջ ներառում է ոչ միայն կեղծված դեղերի շրջանառությունը, այլեւ մաքսանենգ ճանապարհով ներկրված պիտանի դեղերը:
ՀՀ Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի խոսքով, այլ երկրների համեմատ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառությունը փոքր է: Սակայն վերջերս կառավարությունն ընդունել է կանոնակարգ, որը թույլ է տալիս երրորդ երկրներից ներմուծել դեղեր փոփոխված փաթեթավորմամբ: Ս. Զաքարյանի խոսքով`դա խիստ մտահոգիչ է, ուստի դիմել են կառավարությանը` չեղյալ հայտարարել այդ որոշումը: Այլապես վտանգ կա, որ կեղծ դեղերի կշիռը շուկայում կավելանա: Ըստ Ս. Զաքարյանի` կառավարությունը նման որոշում է կայացրել շուկայում դեղերի գները նվազեցնելու պատրվակով:
Ս. Զաքարյանը հավաստիացրեց, որ եւ տեղական արտադրության, եւ ներմուծված դեղերը անցնում են անանուն լաբորատոր փորձաքննություն, որից հետո միայն ստանում են լիցենզիա:




























