Թուրքիայում հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ - թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները չեն բացառվում: Նման համոզմունք է հայտնել է Թուրքիայի առաջատար իշխանամետ պարբերականներից մեկի՝ Sabah-ի մեկնաբան Յավուզ Բայդարը:

Անձամբ իշխող վերնախավի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բավական սերտ կապեր ունեցող լրագրողը անգամ չի բացառել, որ կարող է մի այնպիսի պահ գալ, երբ կողմերը կենտրոնանան ցյուրիխյան արձանագրություններից միայն մեկի վրա:

«Եթե Անկարան եւ Երեւանը համաձայնության գան, ապա չի բացառվում, որ վավերացվի արձանագրությունների միայն մեկը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Որպես արդյունք` կարող են գլխավոր հյուպատոսություններ բացվել Ստամբուլում եւ Երեւանում», - նշել է Բայդարը` հատուկ ընդգծելով, սակայն, թե շատ լավ ըմբռնում է, որ «հայկական կողմի համար առանցքային խնդիրը սահմանի բացումն է»:

«Չի բացառվում, որ կողմերը համաձայնության գան: Ամեն ինչ բանակցություններից է կախված: Ամեն դեպքում, նման զարգացման հնարավորությունն առկա է», - նշում է Sabah-ի հոդվածագիրը` չհստակեցնելով սակայն` արդյոք դա զուտ թուրքական կողմի՞ ցանկությունն է, թե՞ կոնկրետ ինչ-որ առաջարկ, որ քննարկվում է դիվանագիտական շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Բայդարն ասել է. «Սա Թուրքիան է, եւ ամեն տեսակի անակնկալների պետք է պատրաստ լինենք: Թեեւ Ղարաբաղի հարցի պատճառով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը հայտնվել է մեռյալ վիճակում, այնուհանդերձ, կա մեկը, որ ցանկանում է լուծել այս հարցը եւ ուշի ուշով հետեւում է դրան: Դա նախագահ Աբդուլա Գյուլն է: Թեեւ նրա իշխանությունը սահմանափակ է, սակայն մոռանալ նրա ունեցած ազդեցության ու հնարավորությունների մասին պետք չէ»:

Ինչ վերաբերում է թուրքական իշխող զույգի երկրորդ` առավել ազդեցիկ անդամին` վարչապետ Էրդողանին, ապա այստեղ, Sabah-ի հոդվածագրի կարծիքով, ամեն ինչ ավելի բարդ է: «Էրդողանն այս հարցում հաշվի է նստում մի շատ կարեւոր գործոնի՝ ադրբեջանցիների հետ: Հայ - թուրքական հարաբերությունների խնդրի վերադարձը օրակարգ, սակայն, կախված է մի հանգամանքից՝ արդյոք իշխող կուսակցության ազդեցիկ անդամների մեջ կգտնվե՞ն գործիչներ, որ կկարողանան նրան համոզել, թե դա անհրաժեշտ է», - ասել է Բայդարը:

Նա նաեւ նշել է, որ տարածված այն տեսակետը, թե Էրդողանը սկզբունքայնորեն դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնքան էլ ճիշտ չէ: «Էրդողանն ամեն ինչ հասկանում է եւ հարաբերությունների հաստատմանը դեմ չէ: Նա, սակայն, զուտ էներգետիկ գործոնից ելնելով չի կարող Ադրբեջանի հետ հաշվի չնստել: Սրան էլ գումարած` չենք կարող չնկատել, որ վերջին չորս ամիսներին՝ ողջ քարոզարշավի ընթացքում փաստորեն, Էրդողանը խիստ ազգայնական հռետորաբանություն էր որդեգրել: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ի դեմս Էրդողանի գործ ունենք խիստ պրագմատիկ եւ ամեն ինչ հաշվարկելու հակված գործչի հետ, ապա համոզված կարող եմ ասել՝ այն պահին, երբ նա քաղաքական շահավետություն զգա, հայ - թուրքական հարաբերությունների շուրջ կրկին առաջընթաց կարձանագրվի: Ավելին, նրա այս ազգայնական հայտարարությունների տոնայնությունը մեղմանալու է հունիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո», - նկատել է Բայդարը եւ հավելել, թե ամեն ինչ կախված է առաջիկա քվեարկության արդյունքներից. «Եթե Էրդողանի կուսակցությունը կարողանա 40-50 տոկոս քվե ստանալ, իրադարձություններն էլ կարծես հենց նման ընթացքով են զարգանում,ապա այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերություններում կարող են ավելի անհավանական եւ անսպասելի քայլեր արվել»: