Եվրամիությունն առաջարկում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը դառնալ Nabucco-ի համասեփականատեր։ «Մենք «Հարավային հոսք» ծրագրի համար դիտարկում ենք Ադրբեջանի նավթային ընկերությանը, որպես հիմնական գործընկեր։ Նավթային ընկերությունն, իհարկե, տարբեր հնարավորություններ ունի, սակայն եվրոպական գազային ընկերություններն առաջարկում են նրան դառնալ Կենտրոնական Եվրոպայի շուկայի ելքով բնական գազի տարածման ենթակառուցվածքի համասեփականատեր»,-ինչպես տեղեկացնում է Contact.az-ը, այս մասին Բաքվում, հունիսի 8-ին կայացած ասուլիսում ասել է Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Օտինգերը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն Ադրբեջանին ոչ միայն էներգակրի մատակարար, այլեւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների համար տարանցիկ երկիր է դիտարկում։ Դա վերաբերում է մասնավորապես թուրքմենական գազի տարանցմանը։
Օտինգերն ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն 2011 թ. ընթացքում Ադրբեջանից երկարաժամկետ համագործակցության որոշակիացված պատասխան է սպասում։
Մեկնաբանելով «Ստադիա 2» նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Օտինգերը նշել է, որ Բաքուն մտադրված է թույլատրել «Շահ-դենիզ» հանքավայրում «Ստադիա 2» նախագծի մշակումը։ Նշենք, որ նախագծով որոշվում է գազի արտահանման հիմնական ուղին։
Ըստ Օտինգերի՝ ԵՄ առաջարկում է «Շահ-դենիզի» գազը արտահանել, դեռեւս գոյություն չունեցող Nabucco-ի ենթակառուցվածքով, այսինքն՝ Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հունգարիա-Ավստրիա։ Այս դեպքում նոր շուկաների հնարավորություն է ստեղծվում։




























