Վիեննայում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումը կոչված է բացահայտելու Եվրոպայի, Ասիայի, Կովկասի համագործակցության ներուժը: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, «Շոմբուրգ» պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով Վիեննայում ընթացող ֆորումի աշխատանքներն, ասել է ֆորումին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ ելույթ ունեցողները բացահայտում են առկա կարողություններն ու այն հնարավորությունները, որ ունի Եվրամիությունը, ակնկալիքները մեր երկրի նման պետություններից` Եվրամիությանն ավելի արագ ինտեգրվելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով: Քննարկվում է ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման համար ավելի բարենպաստ պայմաների ստեղծման հարցը: «Այդ առումով քաղաքական գործիչների, խոշոր ընկերությունների ղեկավարների տեսակետները հնարավորություն են տալիս գնահատելու, թե ինչ զարգացումներ են մոտակա տարիներին սպասվում: Հավաքված են մարդիկ, ովքեր քաղաքական որոշումների վրա ունեն ազդեցություն եւ մարդիկ, ովքեր ձեւավորում են տեսլականներ»,-նշել է ՀՀ վարչապետը: Ի դեպ, ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան հունիսի 9-ին: Նշենք, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնական նպատակն է համաշխարհային զարգացումների ներքո դիտարկել տարածաշրջանային առկա խնդիրները, ինչպես նաեւ Եվրոպայի, Ասիայի, Կովկասի համագործակցության ներուժը:




























