Մի քանի երկրների իրավապահ մարմինները միավորել են ջանքերը՝ վերացնելու աշխարհի ամենավտանգավոր վնասաբեր ծրագրերից մեկը, որը հանցավոր խմբերին թույլ է տալիս տեղադրել ծրագիր-շորթողներ եւ գողանալ օգտվողների տվյալները, հայտնում է Reuters-ը:

Եվրամիության ոստիկանությունը, Եվրոպոլը եւ Եվրոյուստը հայտնել են, որ քննիչները վերահսկողության տակ են վերցրել EMOTET բոթնեթի ենթակառուցվածքը:

Բոթնեթը առեւանգված համակարգիչների ցանց է, որն օգտագործվում է կիբեռհարձակումների համար: Նիդեռլանդների, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Կանադայի եւ Ուկրաինայի իշխանությունները մասնակցել են Հաագայում երկու գործակալությունների կողմից համակարգվող միջազգային գործողությանը:

Հոլանդացի դատախազները հայտարարել են, որ վտանգավոր ծրագիրն առաջին անգամ հայտնաբերվել է 2014-ին եւ «երկար տարիների ընթացքում վերածվել է կիբեռհանցագործների համար պատրաստի լուծման: EMOTET ենթակառուցվածքն, ըստ էության, հանդես է եկել որպես համաշխարհային մասշտաբով համակարգչային համակարգերի համար դռները բացելու հիմնական միջոց»:

Հոլանդիայի դատախազությունը հայտնել է, որ ենթակառուցվածքի երկու հիմնական սերվերները գտնվում են Նիդեռլանդներում, իսկ երրորդը՝ մեկ այլ երկրում, որը չի հաղորդվում: Ազգային դատախազությունը հայտարարել է, որ EMOTET-ի պատճառած վնասը կազմում է հարյուր միլիոնավոր եվրոներ:

Վնասաբեր ծրագիրը տեղադրվել է համակարգիչներում` Word փաստաթղթեր պարունակող էլեկտրոնային փոստի վարակված հավելվածներում: «Որպեսզի ոչինչ չկասկածող օգտվողներին ստիպեն բացել այդ վտանգավոր հավելվածները, տարբեր խայծեր են օգտագործվել»,- ասվում է Նիդեռլանդների դատախազության հայտարարության մեջ: «Նախկինում EMOTET փոստային նամակները ներկայացվել են նաեւ հաշիվ-ապրանքագրերի, առաքման ծանուցումների եւ COVID-19-ի մասին տեղեկատվության տեսքով»:

Եվրոպոլը հայտարարել է, որ իրավապահ մարմինները միավորվել են, որպեսզի ներսից ոչնչացնեն քրեական ենթակառուցվածքը: