2010թ. սովի գլոբալ ինդեքսում, որը կազմել է պարենամթերքի քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են «թերսնման միջին մակարդակով» երկրների ցանկում:

Փաստաթղթի հեղինակների տվյալներով, աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ այսօր թերսնվում է:

Սովի գլոբալ ինդեքսը գնահատում է իրավիճակը 122 զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրներում: 29 երկրներում, որոնց մեծ մասը Հարավային Սահարայում եւ Ասիական մայրցամաքի հարավում, իրավիճակը գնահատվում է «վտանգավոր» կամ «ծայրահեղ վտանգավոր»:

«Նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասում սովի ցուցանիշները գտնվում են ամենացածր մակարդակում, այսինքն իրավիճակը համեմատաբար բարենպաստ է, սակայն Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում թերսնման միջին մակարդակ է»,- ասված է զեկույցում: