Ավստրիայից անչափահաս երեխաներ ունեցող երեք ընտանիքների վտարումը Վրաստան եւ Հայաստան քաղաքական սկանդալ է հարուցել, հայտնում է EurAsia Daily-ն:

Ավստրիայից նախօրեին Վրաստան եւ Հայաստան են վտարվել երեք ընտանիքներ, այդ թվում՝ երեք դեռահասներ, որոնք դպրոց էին հաճախում Վիեննայում եւ Ստորին Ավստրիայում: Անչափահասների վտարումը հարուցել է ընտանիքներին ճանաչող մարդկանց բողոքը. մոտ 160 մարդ Վիեննայում տարերային ցույց է կազմակերպել մեկուսարանի մոտ, որտեղ գտնվել են ձերբակալվածները: Ոստիկանությունը ստիպված էր ցուցարարներին ցրել, որոնք փողոցն արգելափակել էին գնումների սայլակներով եւ աղբի բաքերով:

Լրատվամիջոցները զգայականորեն թեժացրել են վտարումը՝ խոշոր պլանով լուսանկարելով վախեցած աչքերով երեխաներին: Դրանից բացի, տեխնիկական խնդիրների պատճառով դեռահասները երեք ժամ անցկացրել են ձերբակալվածների տեղափոխման ավտոբուսում՝ նախքան նրանց օդանավակայան տանելը:

«Մինչ դուք քնած էիք, երեք երեխա 3 ժամ անցկացրել է վտարման ավտոբուսի մեջ: Դրսից՝ շներ եւ հարյուրավոր ոստիկաններ»,- «Թվիթերում» նշել է վիեննական Falter պարբերականի գլխավոր խմբագիր Ֆլորիան Կլենկը:

Ավստրիայի իշխող կոալիցիայում աշակերտների վտարումը նույնպես տարաձայնություններ է առաջացրել: «Կանաչների» կուսակցությունից փոխկանցլեր Վերներ Կոգլերը հայտարարել է. «Աշակերտներին վտարելու իրավական պարտավորություն գոյություն չունի, որոնք մեծացել են այստեղ՝ Ավստրիայում, եւ լավ ինտեգրվել են: Հատկապես համավարակի պայմաններում: Մենք բոլորս մարդ մնալու քաղաքական պարտավորություն ունենք»:

Սակայն Ավստրիական ժողովրդական կուսակցությունից երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հանդես է եկել այս միջոցի օգտին: «Սա Գերագույն դատարանի որոշումն է, որը մի քանի անգամ ստուգվել է, եւ ոստիկանությունը պետք է այն կատարի»,- ասել է նա:

Mittagsjournal պարբերականը մանրամասներ է հայտնում վտարված վրացի ընտանիքներից մեկի մասին, որտեղ 12-ամյա դեռահաս կա: 2015 թվականին այս ընտանիքը ապաստան տրամադրելու առաջին հայտն էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր: Մինչդեռ ընտանիքը շարունակել է բնակվել Ավստրիայում: Դաշնային վարչական դատարանը պարզաբանել է, որ ընտանիքի երկարատեւ բնակությունը պատճառաբանվում է նրանով, որ միգրանտները համառորեն հանդես են եկել պաշտոնական պահանջների դեմ՝ որոշումները բողոքարկելով:

Բանը հասել է այնտեղ, որ իրավիճակը ստիպված էր մեկնաբանել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը. «Չեմ կարող եւ չեմ հավատա, որ մենք ապրում ենք երկրում, որտեղ դա իսկապես անհրաժեշտ է այդ ձեւով: Խորապես ցնցված եմ: Մենք պետք է գտնենք միմյանց հետ մարդկային, հարգալից փոխգործակցության եղանակը: Հատկապես, երբ գլխավոր զոհերը դառնում են երեխաները»: