Միջազգային զորքերը պատրաստվում են մնալ Աֆղանստանում նաեւ մայիսյան ժամկետից հետո, որը նախատեսվել է ԱՄՆ-ի հետ թալիբների համաձայնագրով, ինչը կարող է հանգեցնել զորքերի լիարժեք հեռացումը պահանջող թալիբների հետ հարաբերություններում լարվածության աճին, Reuters-ին հայտարարել են ՆԱՏՕ-ում աղբյուրները:

«Մինչեւ ապրիլի վերջ դաշնակիցների կողմից զորքերի ամբողջական դուրսբերում տեղի չի ունենա»,-տեղեկատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը:

«Նախապայմանները չեն կատարվել: Իսկ ամերիկյան նոր վարչակազմի հետ կսահմանվեն փոփոխություններ քաղաքականության մեջ, կհեռացվի հապճեպ դուրսբերման զգացողությունը, եւ մենք կկարողանանք տեսնել զորքերը դուրս բերելու շատ ավելի հաշվենկատ ռազմավարություն»,-հայտարարել է անանուն աղբյուրը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակամզն անցած տարվա վերջում ստորագրել է համաձայնագիր թալիբների հետ, որը կոչ է անում դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը մինչեւ մայիս՝ փոխարենը պահանջելով ապստամբներից անվտանգության որոշակի երաշխիքներ:

Թրամփը ողջունել է այդ համաձայնագիրը, որում չի ներառվել Աֆղանստանի կառավարությունը, որպես պատերազմի երկու տասնամյակի ավարտի արձանագրում: Այս ամիս նա կրճատել է ամերիկյան զորքի թիվը՝ հասցնելով 2500-ի, ինչն ամենափոքր ցուցանիշն է՝ սկսած 2001 թվականից: