Վերջին պատերազմը Ղարաբաղում մեզ ստիպեց հասկանալ, որ ժամանակակից պատերազմներն անհնար են առանց գիտության ներգրավման անվտանգության համակարգի մեջ: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց  Պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ երկրի պաշտպանական եւ անվտանգության համակարգին վնաս հասցնելու կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել բազմաթիվ պաշտոնատար անձանց նկատմամբ: Սա, Քոչարյանի կարծիքով, տեղի է ունեցել որոշ պատասխանատու անձանց կողմից ցուցաբերված ծայրաստիճան անտարբերության եւ բարձր կոռուպցիոն բաղկացուցիչի պատճառով:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ինք անձամբ ուզում է հրաշքների սպասել, ոչ թե այնպիսի հրաշքների, որոնք անիրականանալի են, այլ այնպիսի հրաշքների, որոնց չսպասելով՝ բաց ենք թողել մեր ձեռքից հնարավորությունը:

«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ»,- հայտարարեց նա:

Ըստ Քոչարյանի՝ այսօր պատերազմը մեզ ստիպեց հասկանալ՝ ժամանակակից պատերազմները՝ առանց գիտության ներգրավման, դեպի անվտանգության համակարգ չի լինում: Նա ընդգծեց՝ այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին:

«Գիտությունը միշտ պետք է լինի մեր բանակի, մեր անվտանգության համակարգի հետ, լոկոմոտիվը անվտանգության համակարգը պետք է լինի: Կարևոր է՝ այս լսումներից հետո մենք կունենա՞նք ծրագիր՝ բանակի հետ ոնց ենք աշխատում: ՊՆ-ի  համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդրի լուծումների վրա: Կարծում եմ՝ այս հավաքի վերջում ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմաարդյունաբերական համակարգի ամբողջ կարողությունները պետք է վերանայենք, ոչ թե պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մեր տկար կարողություններով կարողացանք 2 «Բայրաքթար» իջեցնել»,- նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ պատճառներն ուսումնասիրվում են, բայց շատ բան կա հասկանալու. «Մենք պետք է հասկացած լինեինք՝ մերը ստեղծելով՝ մերը պետք է մի քայլ առաջ լիներ: Վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար կառավարվող պատերազմ, բայց հստակ ոգեղեն զինվորով, ոչ անտարբեր հրամկազմով և մեր առաջնահերթությունները պետք է հենված լինեն այդ կարողությունների միասնականության մեջ, գիտությունը դրա մեջ պետք է լինի առաջատար ուժը»- շեշտեց նա: