Մարդկանց 80 տոկոսն իր կյանքի տարբեր փուլերում ունենում է ինքնասպանության մտքեր: Այս մասին այսօր` հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, հավելելով. «Ըստ որում, մեկ անգամ ինքնասպանության անհաջող փորձից հետո, յուրաքանչյուր 3-4-րդը երկրորդ անգամ է դիմում ինքնասպանության»:
Նրա խոսքով, եթե ինքնասպանություններ ավելի շատ գործում են տղամարդիկ, ապա հոգեբաններին ավելի շատ դիմում են երիտասարդները եւ կանայք: Ըստ որում, ինքնասպանություն գործելիս տղամարդիկ եւ կանայք տարբեր միջոցների են դիմում, օրինակ` կանայք չեն ցանկանում փչացնել իրենց արտաքին տեսքը, հետեւաբար` հաճախ օգտագործում են թույներ, մինչդեռ տղամարդիկ ինքնասպանության դիմելիս ավելի ուղիղ ձեւերի են դիմում:
Հոգեբանը նաեւ նշեց, որ ինքնասպանության դիմում են թույլ մարդիկ, քանի որ նրանց հոգեկան դաշտում պաշտպանական ռեսուրսները տեղի են տալիս:
Ինքնասպանություններից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս նախեւառաջ նվազեցնել ճգնաժամ առաջացնող պատճառները:



























