Երևանի Շենգավիթ համայնքի բակերից մեկումայսօր՝ փետրվարի 1–ին, բնակիչները հավաքվել էին՝ իրենց բողոքը հայտնելու խաղահրապարակը քանդելու դեմ։
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ պարզվել է՝ տարածքն ունի սեփականատեր, որը, իրենց տեղեկություններով, մտադիր է այդ տարածքում ինչ–որ շինություն կառուցել։
«Ուզում են խաղահրապարակը քանդել ու ինչ-որ շինություն կառուցել, բայց չգիտենք՝ ով է ու ինչ է ուզում կառուցել։ Չեմ հասկանում, թե տվյալ անձն ինչ է մտածում, որ ցանկանում է երեխաների խաղահրապարակը քանդել ու այլ բան կառուցել։ Եթե որևէ մեկը ցանկանում է իմ երեխայի անդորրը խախտել, ապա ես պատրաստ եմ կանգնել մինչև վերջ և թույլ չտալ, որ այստեղ որևէ շինություն կառուցվի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց բնակչուհի Անահիտ Կիրակոսյանը։
Բնակիչների ահազանգով տարածքում էին նաև Երևանի ավագանու ԲՀԿ–ական անդամներ։ Նրանցից Արմեն Ներսիսյանը, որ նաև այդ տարածքի բնակիչ է, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տարածքի սեփականատիրոջը վաղը հրավիրել են քաղաքապետարան խաղահրապարակի պահպանման շուրջ պայմանավորվելու։
«Կփորձենք նրան հող տալ, կամ շուկայական գնով փոխհատուցել, որպեսզի իր ուզած շինությունն այլ վայրում կառուցի։ Սեփականատերը տարածքը ցանկանում է բերել նախնական վիճակի, որից հետո կդիմի քաղաքապետարանին՝ կառուցապատման իրավունք ստանալու համար։ Եթե չստացվի, կկազմակերպենք ստորագրահավաք, քանի որ քաղաքացիների շահերը նույնպես պետք է պաշտպանվեն»,- նշեց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը ։











