Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները շուտով կսպառվեն, սակայն այդ խնդիրը կլուծի նոր IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիթի փոխարեն 128 բիթ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել նաեւ IPv4 արձանագրություններով:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանի խոսքով՝ եթե Հայաստանը քայլեր չձեռնարկվի նոր IPv6 հասցեներ ձեռք բերելու ուղղությամբ, ապա մի քանի տարի անց հնարավոր է, որ կանգնենք լուրջ խնդրի առջեւ:

«Եթե մեր քայլերը դանդաղեն, հնարավոր է, որ բազմաթիվ երկրներ  ռեզերվացնեն այդ հասցեները, իսկ մենք ուղղակի ստիպված լինենք բավարարվել միայն նրանով, ինչ ունենք»,-NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Տոնեյանը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր պրովայդերները մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ: Սակայն IPv6 արձանագրությամբ .am տիրույթում աշխատող կայքերի տրաֆիկը 1 տոկոսից էլ քիչ է։

«Հայաստանյան պրովայդերներից շատերը արդեն անցնում են նոր արձանագրության տրամադրմանը, սակայն ինտերնետային կայքերը իրենք եւս պետք է IPv4-ի զուգահեռ անցնեն նաեւ նոր IPv6 արձանագրությանը, ինչը թույլ կտա հետագայում ուղղակի խնդիրներ չունենալ, հակառակ պարագայում մի շարք սարքավորումներով տվյալ կայքերի դիտումը ուղղակի անհնարին կլինի»,-ասաց Գ. Սաղյանը։