Ամբողջ գործընթացը հրեշավոր ծրագրի կարեւոր օղակն է: Այս մասին փետրվարի 2-ին ընթացող նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի պահանջով:
Գեւորգյանը հայտարարեց, որ «ամբողջ գործընթացը հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու հրեշավոր ծրագրի կարեւոր օղակը եւ անցյալը վարկաբեկելու փորձ է»: Այդ պահին դատավորն ընդհատեց նրա ելույթը` խնդրելով նիստը քաղաքական գործընթացի չվերածել:
«Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր «նշանակելն» է...», - շարունակեց Գեւորգյանը, ինչից հետո դատավորը կրկին միջամտեց: Ինչ-որ ժամանակ Գեւորգյանը եւ դատավորը միաժամանակ էին խոսում: Արդյունքում, դատավորը թույլ տվեց նրան արտահայտվել միջնորդության վերաբերյալ եւ խնդրեց այլ տեղում քաղաքական հայտարարություններ անել. դատարանը քաղաքական հարցերով չի զբաղվում:
Այդպես էլ արտահայտվելու հնարավորություն չստանալով` Արմեն Գեւորգյանը դատարանն անօրինական անվանեց եւ հրաժարվեց խոսել:
Կարճ դադարից հետո Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը բողոքարկեց դատավորի գործողությունները` նշելով, որ արդյունքում հանդիպման մասնակիցները չլսեցին Արմեն Գեւորգյանի դիրքորոշումը: Արդյունքում, մյուս ամբաստանյալների պաշտպանությունը եւս զրկված է իրենց գիծը արդյունավետ կառուցելու հնարավորությունից: Հաշվի առնելովգործընկերոջ կողմից թվարկված դատավորի ինքնաբացարկի պատճառները` Պողոսյանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը չի կարող օբյեկտիվ եւ անկողմնակալ լինել Արմեն Գեըորգյանի նկատմամբ: Այդ կապակցությամբ Պողոսյանը օրինակներ բերեց իր սեփական պրակտիկայից, երբ դատավորները, իրենց օբյեկտիվության կապակցությամբ հիմնավոր կասկածներ հարուցող հանգամանքների ճնշման տակ, ինքնաբացարկ են հայտնել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն իր խոսքը սկսեց տեխնիկական խնդրի մասին հիշատակումից` բոլոր ամբաստանյալների եւ պաշտպանական կողմի համար մի բարձրախոս է, ինչը հաճախ չլսվելու պատճառ է դառնում: Ի դեպ, փաստաբանն այս հանգամանքը կողմնակալ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն անվանեց: «Ես գլխի եմ ընկնում այն մասին, ինչ ուզում էր ասել Արմեն Գեւորգյանը, կարծում եմ` Դուք եւս: Բայց Դուք թույլ չտվեցիք նրան արտահայտվել եւ ցույց տալ իր կապն այս գործի հետ: Դուք իսկապես սուբյեկտիվ եք»,- ասաց փաստաբանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նույնպես աջակցեցին իրենց գործընկերոջը:
Փաստաբանների հայտարարություններից հետո դատավոր Դանիբեկյանն Արմեն Գեւորգյանին երկրորդ անգամ խոսելու հնարավորություն տվեց: Նա հրաժարվեց՝ հայտարարելով, որ գործ չունի այս դատարանի հետ:
Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը դեմ արտահայտվեցին միջնորդությանը: Բաղդասարյանի կարծիքով` դատարանն ընդհանրապես չպետք է քննի միջնորդությունը: Պետրոսյանը հայտարարեց, որ արդեն բազմաթիվ նմանատիպ «անբովանդակ» միջնորդություններ են ներկայացվել. նպատակը դատավարությունը փակուղի մտցնելն է: «Մենք միջնորդում ենք պաշտպանության կողմից իրենց իրավունքները չարաշահելու արձանագրման եւ միջնորդությունն առանց քննության թողնելու, ինչպես նաեւ նման միջնորդությունների քանակը սահմանափակելու մասին»,- ասաց դատախազը:











