Հետազոտության երրորդ փուլում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոս է կազմել, 60 տարեկանից բարձր մարդկանց համար` 91.8 տոկոս, ասված է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի մամուլի հաղորդագրության մեջ:

««Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոսի մակարդակում ապացուցվել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում: Պատվաստանյութի արդյունավետությունը 60 տարեկանից բարձր կամավորների համար 91.8 տոկոս է կազմել եւ վիճակագրորեն չի տարբերվում 18-60 տարեկան կամավորների խմբում ստացված տվյալներից:

Վերլուծված նմուշներից հումորալ իմունային պատասխան է արտադրվել կամավորների ավելի քան 98 տոկոսի մոտ, իսկ կամավորների 100 տոկոսի մոտ` բջջային իմունային պատասխան:

Բացի այդ, պատվաստանյութը լիովին պաշտպանում է կորոնավիրուսային հիվանդության ծանր դեպքերից: «Սպուտնիկ V»-ով պատվաստված կամավորների մոտ չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1.3-1.5 անգամ բարձր է, քան հակամարմինների մակարդակը կորոնավիրուս տարած հիվանդների մոտ:

Պատվաստումների հետ կապված բացասական երեւույթներ չկան, ինչը հաստատվում է Տվյալների անկախ մոնիտորինգի հանձնաժողովի եզրակացություններով: Ուժեղ ալերգիկ ռեակցիաներ, անաֆիլակտիկ ցնցում չկա:

Ըստ ՏԱՍՍ-ի` այսօր ավելի վաղ The Lancet բժշկական ամսագիրը հրապարակել էր ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի արդյունքները` հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Ռուսաստանի Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ «Սպուտնիկ V»-ն նույն արդյունավետությունն ունի վիրուսի նոր շտամների դեմ: