Վիքիպեդիան կառավարող հիմնադրամը հրապարակել է կանոնների նոր ժողովածու՝ ուղղված թվային հարթակում առցանց հետապնդումների եւ ապատեղեկատվության դեմ պայքարին:

Նոր՝ «Վիքիմեդիայի վարքագծի ունիվերսալ կոդեքսը» մասնակիցների համար ստանդարտների գլոբալ հավաքածու է ստեղծում, որոնք որոշում են, թե հարթակում ինչն է համարվում «ընդունելի» վարքագիծ:

Նոր կանոններում հետապնդումը, այդ թվում սպառնալիքի, վիրավորանքների օգտագործումը եւ օտար մարդկանց անձնական տվյալների բացահայտումը դիտվում է որպես անթույլատրելի վարքագիծ:

Կանոններով որպես անթույլատրելի վարքագիծ է սահմանվում նաեւ «իշխանության չարաշահումը» եւ «կոնտենտային վանդալիզմը»: Իշխանության չարաշահման դեմ Վիքիպեդիայի նոր կոդեքսն ուղղված է այն իրողությանը, որ պաշտոնյաները հարթակն օգտագործում են վախեցնելու կամ սպառնալիքների համար:

Կոնտենտի նկատմամբ վանդալիզմին առնչվող կանոններն ուղղված են ապատեղեկատվությանը՝ «կոնտենտի նկատմամբ վանդալիզմը» սահմանելով որպես «կողմնակալ, կեղծ, ոչ ստույգ կամ կոնտենտին չհամապատասխանող դիտավորյալ վարում» կոնտենտի պահպանմանը կամ ստեղծմանը խոչընդոտելու նպատակով:

Վիքիպեդիան տարբերվում է թվային հարթակների մեծամասնությունից, որոնք ենթարկվում են կոնտենտի մոդերացիայի մանրակրկիտ ստուգման: Թվային հանրագիտարանի բիզնեսը կառուցված է կամավորների վրա, որոնք են հիմնականում լուծում օգտատերերի վարքագծի հետ կապված խնդիրները:

Հայտարարության համաձայն՝ 5 մայրցամաքներից Վիքիպեդիայի ավելի քան 1500 կամավորներ մասնակցել են նոր կանոնների ստեղծմանը: