Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն չի բարձրաձայնում իր ամուսնու՝ Բադրի Բիցաձեի գտնվելու վայրը՝ չնայած հայտարարում է, որ վերջինս Մոսկվայում չէ։
«Իհարկե, հարցին, թե որտեղ է գտնվում ամուսինս, ես չեմ պատասխանի։ Սակայն հստակ կարող եմ ասել, որ նա Մոսկվայում չէ»,-լրագրողներին հայտարարել է Բուրջանաձեն;
«Ինչ վերաբերում է նրա դեմ հարուցած գործին, ապա այն քաղաքական գործ է, որը «կարում են» նրան։ Ինչպես մենք տեսնում ենք ո՛չ «Ժողովրդական ժողովը», ո՛չ Բիցաձեն չկարողացան պետական հեղաշրջում կազմակերպել, սակայն աշխարհը շուտով կիմանա վրացական արդարադատության իրական դեմքի մասին»,- հայտարարել է Բուրջանաձեն։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Բադրի Բիցաձեն երկիրը լքել է Հարավային Օսիայի տարածքով։
Նա, իբր, Հայաստանում է թաքնվում։ Ի դեպ, պաշտոնական Երեւանն այս տեղեկությունը չի հերքել։
Բիցաձեի փաստաբանը հայտարարել է, որ չի տիրապետում իր պաշտպանյալի գտնվելու վայրի մասին տեղեկությունների եւ նրա հետ չի հաղորդակցվում։




























