Վաղուց համարվում է ապացուցված, որ մարդիկ ամբողջ աշխարհով տարածվել են Աֆրիկայից, սակայն նոր սենսացիոն ապացույցները ենթադրում են, որ կարող էր լինել «երկկողմանի երթեւեկությամբ փողոց». Այդ մասին հաղորդում է ամերիկյան CBSNews-ը` հղում անելով Associated Press-ին:

Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող լեռնային տարածքում, Հայաստանի սահմանի մոտ գտնվող Վրաստանի Դմանիսի տեղանքը մարդիկ բնակեցրել են ոչ թե 1,7 միլիոն տարի առաջ, ինչպես նախկինում էր համարվում, այլ 1,85 միլիոն տարի առաջ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականը:

Համարվում էր, որ Homo erectus-ը` «ուղիղ քայլող մարդը» Դմանիսի տարածքը զբաղեցրել է ավելի ուշ, քան Աֆրիկայում: Սակայն գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարե գործիքներն ու նյութերն ավելի վաղ շրջանի են: Հնարավոր է, որ Homo erectus-ի էվոլյուցիան տեղի է ունեցել Եվրասիայում եւ միայն դրանից հետո է մարդը գնացել Աֆրիկա:  

«Նոր տվյալները ցույց են տալիս, որ Դմանիսը բնակեցված է եղել նույն ժամանակահատվածում կամ նույնիսկ ավելի վաղ, երբ եղել է «ուղիղ քայլող մարդու» առաջին հայտնությունը Արեւելյան Աֆրիկայում», – հաղորդում է Ռեյդ Ֆերինգի եւ Դավիդ Լորդքիփանիձեի գլխավորած թիմը:

Նոր պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կովկասի տարածաշրջանը բնակեցված է եղել ոչ միայն ժամանակավոր գաղութաբնակներով, այլեւ ունեցել է  հաստատուն բնակչություն: