Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովի գործողությունները հարուցել են իրավապահների կասկածներն եւ վրդովմունքը:
Գասիմովը դիմել էր Ուրալի դաշնային օկրուգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությանը` խնդրելով կարգավորել իրավիճակը ոմն Ֆուատ Վալիեւի հետ, ով իբր սպառնացել է հյուպատոսարանի աշխատակիցներին:
Հաջորդ օրը հյուպատոսարանից հայտնել են, թե Վալիեւն իրենց կանչել է «Պերեկրյոստոկ» սրճարան: Ոստիկանությունից վերակարգ է մեկնել եւ ձերբակալել Վալիեւին, սակայն հետո հյուպատոսության աշխատակիցները հրաժարվել են Վալիեւի նկատմամբ իրենց բողոքներից: Ընդ որում, նախապես խոսքը գնում էր ավազակային հրաձգության մասին:
Ադրբեջանցիների վարմունքը հարուցել է ոստիկանների վրդովմունքը, որոնք, ստացվում է, իզուր են մեկնել սրճարան եւ ձերբակալել մեկին: Հյուպատոսին նախազգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին:



























