Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում հաստատեց Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների նախնական պլանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Նման որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ եւ 10-րդ կետերի ապահովման պահանջից:
Կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը առաջ բերեցին հրատապ կարգով մակրոշրջանակի վերանայում, ծախսային առաջնահերթությունների վերաուղղորդում, տնտեսությունում տեխնոլոգիական խզումներ, կարճաժամկետ ու միջնաժամկետ մի շարք անորոշություններ:
Տնտեսական հիմնախնդիրներին հրատապ արձագանքման եւ տնտեսական բարենպաստ միջավայրի վերականգնմանն ուղղված՝ Կառավարությունը սահմանում է կոնկրետ նպատակներ եւ խնդիր է դնում առանձնացնել հակաճգնաժամային բնույթի միջոցառումների այն շրջանակը, որոնց ուղղությամբ ջանքերի համախմբումը հնարավորություն կտա տեսանելի որակական տեղաշարժեր արձանագրել կարճաժամկետում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս ծրագիրն ունի երեք գերակայություն՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, վստահելի գործարար եւ սպառողական միջավայրի ապահովումը եւ միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրկարգի ձեւավորումը. «Ծրագրով նախատեսված են թվով 12 նպատակային գործողություններ եւ 14 աջակցության ծրագրեր: Նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտնեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծվող նոր մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:
«Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը, մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ լուծելու ենք: Դրանք են նաեւ քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը. Օրինակ Երեւանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, «Հին Երեւանի» ծրագրերը»,- ասաց նա՝, հավելելով, որ որոշ ծրգրեր վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը:
Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նախագծին՝ հայտարարեց. «Այստեղ մի հարց եմ տեսնում, պարոն Ավինյան, Դուք նշեցիք արդյունաբերական կանեփի մշակման հետ կապված հարցը, ենթադրում եմ, որ սա բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու, շատ կարեւոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որ մարդիկ ու հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է: Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է եւ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ իհարկե զուգահեռ ռիսկեր ունի եւ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»:
Փաշինյանը հավելեց՝ շատ ուշադիր պետք է ծրագիրը առաջ տանեն:
Ավինյանն էլ նշեց, որ ուսումնասիրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձը, արդեն կա նախնական հայեցակարգ եւ կարգավորումների մոտավոր պատկերացումները եւս կան, եւ որ խոսքը վերաբերում է միայն արտադրական կանեփին: «Դա կբերի հողերի օգտագործմանը, գիտենք, որ մեր մշակվող հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում»,- ասաց նա:
Նախագծով առաջարկվում է լուծել նաեւ պետական գույքի մասնավորեցման հարցը: Նիկոլ Փաշինյանը այստեղ նշեց, որ կարեւորում է նաեւ պետական գույքերի մասնավորեցման ծրագրի իրականացումը: «Այստեղ ունենք ընթացակարգերը եւ առաջարկները բարելավելու խնդիր եւ ի վերջո մեր առաջարկը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր, դա պետք է հրատապ կերպով լուծել»,- ասաց նա:











