Միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, բայց չկա որեւէ պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի՝ սկսած քաղաքականությունից՝ շարունակելով օրենսդրական համակարգ, զինված ուժեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրակրթության պետական նոր չափորոշիչին, որն ընդունվեց այսօրվա նիստում:
«Կրթության չափորոշիչի այս ընդունումը համարում եմ կարեւորագույն ռեֆորմներից մեկը եւ շատ կարեւոր եմ համարում, որ ունեցել ենք կամք այս պայմաններում կարողացել են այս ռեֆորմը հասցնել այս կետին եւ կարեւոր եմ համարում դա շարունակելը: Պարզ է, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ՝ ընդհուպ մինչեւ ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է եւ պետք է իրականացնել՝ ավելի մեծ շեշտը դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով, ասաց, որ պետք է ուշադիր լինել, թե երեխան դպրոցում ինչի վրա է ծախսում ժամանակը: «Ինչ գիտելիք եւ հմտություն զարգացնելու վրա ենք ժամանակը օգտագործում, քանի որ դա 15-20 տարի հետո արտահայտվելու է մեր իրականության մեջ, տեխնոլոգիական ապրանք ունենք, թե չունենք»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այն, ինչին 12 տարում մենք հասնում ենք եւ կարող ենք հասնել ինը տարում, բայց իննամյա պլանը մեզ չի բավարարում: «Մենք ասում ենք՝ ոչ թե ինը տարի դարձնենք, այլ երեխայի ժամանակը լրացնենք այնպես, որ տասներկու տարում 50 տոկոս ավելի արդյունք ունենանք: Կարեւոր է նաեւ արձանագրել, որ ժամանակակից աշխարհում երեխայի կրթությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ նախակրթարանից եւ զարգացած են համարվում այն երկրները, որոնք երեխայի կրթության ավելի ցածր տարիք են ֆիքսում»,-ասաց նա եւ նշեց, որ ԱԺ օրակարգում է գտնվում նաեւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, եւ սա մեկ ամբողջության մեջ պետք է դիտարկել:











