Դատական համակարգի բարեփոխումների մասին օրենքի նախագծի հայտնվելը (արդեն ստացել է խորհրդարանի հավանությունը – խմբ.) անհրաժեշտ է դիտարկել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասաց իրավաբան, Սահմանադրության հարցերի փորձագետ Գոհար Մելոյանը:

Իրավաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ խափանման միջոցի որոշման, խուզարկության թույլատրման եւ այլնի գծով մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրումը թելադրված է քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում՝ պատերազմից վերադարձած հայրենասերներին լռել ստիպելու ձգտմամբ, որոնց ամենեւին դուր չեն գալիս իշխանությունների գործողությունները: Նրանք արդեն փորձել են նրանց ստիպել լռել, սակայն դատական իշխանությունը անկախություն դրսեւորեց եւ գործեց օրենքին համապատասխան՝ չբավարարելով կալանքի մասին միջնորդությունները:

Գոհար Մելոյանը չափազանց կասկածելի է համարում այն համգամանքը, որ արդարադատության նախարարը եւ մյուս պաշտոնյաները իրենց թույլ տվեցին բարձր ամբիոններից կասկածելի հայտարարություններ կատարել այնպիսի գործերով, ինչպես, մասնավորապես, Աշոտ Մինասյանի գործն է: «Հարց է ծագում՝ նրանց որտեղի՞ց գործի նյութերի մասին տվյալները, որ իրենց դատողություններ են թույլ տալիս: Եվ եթե նրանց հայտնի են գործի մանրամասները, ստացվում է, որ նրանք ցանկացած գործի նյութերը ստանալու հնարավորություն ունեն: Ցանկացած նորմալ երկրում հարցը կդառնար իրավապահ մարմինների քննության առարկա: Դա տեղի չի ունեցել»,- նշեց նա՝ հավելելով, որ ի պատիվ դատական համակարգի դատավորներ կան, որոնք չեն կատարում իշխանությունների քմահաճույքները, այլ գործում են օրենքի շրջանակում:

Իրավաբանը նշեց, որ խորհրդարանի կողմից իշխանություններին ձեռնտու երկու դատավորների ընտրությունը ԲԴԽ նույնպես իրադարձությունների շղթայի մեջ է: «Այս իշխանությունը երկակի ստանդարտների կնքահայրն է: Ոչ մի իշխանության օրոք չեն եղել ազգականների եւ ծանոթների նման քանակությամբ նշանակումներ, ընդ որում՝ բացարձակապես հաշվի չեն առնվում հովանավորյալների մասնագիտական որակները»:

Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին՝ նա պարզաբանեց, որ նախատեսվում է 1-ական մասնագիտացված դատավորի նշանակում մարզերում եւ 8 դատավորի նշանակում Երեւանում: Այն դեպքում, որ Երեւանում այդպիսի գործերը քննում են 25 դատավորներ: «Իհարկե, 25 դատավորներին ավելի դժվար է կառավարել, քան այդ նպատակով նշանակված 8 դատավորներին: Բարեփոխումների նպատակը դատավորներին վերահսկելն է, ինչպես նաեւ իրենց հովանավորյալներին նշանակելը: Ընդ որում՝ նվազագույնի է հասցվում Վերաքննիչ դատարանում բողոքարկելու հնարավորությունը. այնտեղ կլինեն 6 դատավորներ: Այսինքն՝ ամբողջ շղթան կառուցված է: Սա դատական համակարգի զարգացման մեջ հետընթաց է»,- նշեց իրավաբանը:

«Այն ամենը, ինչին նրանք դիպչում են, կործանվում է: Գրավեցին գործադիր եւ օրենսդիր իշխանությունները: Երբեք այնպես չի եղել, որ մի քաղաքական ուժն ամբողջությամբ գերիշխի Ազգային ժողովում: Նրանք նույնիսկ չեն փորձում գործընկերների հետ կոնսենսուսի գալ, օրենքները միաձայն են ընդունում»,- նշեց Մելոյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները գործով ապացուցել են, որ ի վիճակի չեն երկիրը կառավարել, իսկ ճգնաժամից դուրս բերելու մասին վաղուց ի վեր խոսք չի կարող լինել: