Միացյալ Նահանգները դիտմամբ «լարվածություն են ստեղծում» եւ խաթարում են խաղաղությունն ու կայունությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գործողութունների արեւելյան թատրոնի հրամանատարությունն ԱՄՆ ռազմանավի` Թայվանի նեղուցով անցնելուց հետո, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ USS John S. McCain կառավարվող հրթիռներով ականակիրը «փետրվարի 4-ին սովորական տարանցում է կատարել Թայվանի նեղուցով` միջազգային օրենքին համապատասխան»: Թայվանի պաշտպանության նախարարությունն այն որպես «սովորական» առաքելություն է որակել:

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գործողությունների արեւելյան թատրոնի հրամանատարությունը հայտնում է, որ իրենց ուժերը հետեւել են նավին եւ պարզել են դրա գտնվելու վայրը: «Միացյալ Նահանգների այս քայլը Թայվանի նեղուցում «խառը մանիպուլյացիայի» իրենց հին հնարքի կրկնությունն է` միտումնավոր կերպով լարվածություն ստեղծելով եւ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- ասվում է հայտարարության մեջ:

«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի իրավիճակը Թայվանի նեղուցում` ռազմական գործողությունների թատրոնի զորքերը հավատարմորեն կկատարեն իրենց պարտականությունները եւ կկատարեն իրենց առաքելությունը` վճռականորեն պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Անցյալ տարի ԱՄՆ ռազմածովային ուժերը 13 անգամ անցել են Թայվանի նեղ նեղուցով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր աջակցությունը Թայվանին` իր հավատարմությունը կղզուն «ժայռի նման ամուր» անվանելով: