Գերմանական Համբուրգ քաղաքի բնակչուհի Տեսսան որոշել է տոնել իր 16-ամյակը առավելագույն մասշտաբներով: Քանի որ 21-րդ դարում հեռախոսին ու կենդանի շփմանը փոխարինելու են եկել սոցիալական ցանցերը, աղջիկը որոշել է օգտվել սոցցանցից: Նա Facebook-ում խումբ է ստեղծել եւ հրավեր ուղարկել բոլորին:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ Տեսսան մոռացել է խումբը փակ դարձնել եւ միջոցառումը հայտարարել «մասնավոր»: Արդյունքում սոցիալական ցանցի օգտագործողներն աղջկա հրավերը համարել են որպես կոչ` «եկեք, ով ցանկանում է»: 16-ամյա աղջկան այցելելու եւ շնորհավորելու ցանկություն է ունեցել 15 հազար մարդ:

Այդ լուրը լսելուն պես Տեսսայի ծնողները խուճապի են մատնվել եւ դիմել ոստիկանություն, հույս ունենալով, որ ոստիկանությունը կլուծի իրենց դստեր «թեթեւ ձեռքով» ի հայտ եկած խնդիրը: Տեսսային արգելել են փողոց դուրս գալ:

Այդուհանդերձ, աղջկա ծննդյան օրը նրա տան մոտ է հավաքվել 1500 մարդ եւ այնտեղ կարգ ու կանոն հաստատելու համար ժամանել է շուրջ 100 ոստիկան:

Քանի որ ոչ ոք «հյուրերին» չի դիմավորել, անգործության մարտնված մարդկանց միջեւ տարբեր միջադեպ են գրանցվել: Մոտ 11 մարդ տեղափոխվել է ոստիկանություն` կարգը խանգարելու համար: Մեկ ոստիկան վիրավորվել է, անգամ հրդեհ է բռնկվել, որը մարելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ: