Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` հունիսի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որդին դանակի 4-8 հարված է հասցրել հարազատ մորը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի օպերատիվ խումբը` քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հրազդանի ոստիկանություն են բերել այդ երիտասարդին:

Դեպքի վայրում ոստիկանները բաժանվել է  2 խմբի: Մի մասը քննչական գործողություններ էր կատարում դեպքի վայրում, որտեղ քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը, իսկ մյուս օպերատիվ քննչական խմբի աշխատանքները ղեկավարում էր քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանն ու Հրազդանի քրեական հետախուզության բաժնի պետ Արայիկ Հովակիմյանը:

Ոստիկության բաժին բերված երիտասարդի վերնաշապիկի վրա տեսանելի էին արյան հետքերը: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Հրազդանի բաժնում:

Դանակի մի քանի հարված ստացած մայրը տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:

Լուսանկարները   ՝ Գագիկ  Շամշյանի