ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա սերտիֆիկացնել ռուսական  «Սպուտնիկ V» պատվաստանյութը  կորոնավիրուսի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խոսքի իրավունք եմ վերցրել միայն Ռուսաստանին այս միջոցառման հաջողության կապակցությամբ շնորհավորելու համար. դա օգտակար է ողջ մարդկության համար: Չէ որ սա նշանակում է, որ մենք ավելի շատ գործիքներ կունենանք համավարակի դեմ պայքարելու համար»,- ասել է Բորելը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

Նա նշել է, որ ուրախ էր կարդալ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքների հրապարակումը Lancet ամսագրում:

«Հուսով եմ, որ այժմ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը կկարողանա լիցենզավորել այս պատվաստանյութը ԵՄ անդամ երկրներում օգտագործման համար: Դա լավ լուր կլինի մեզ համար, քանի որ, ինչպես գիտեք, մենք բավարար պատվաստանյութեր չունենք, եւ դրանց մատակարարման լրացուցիչ աղբյուրը միայն կողջունվի»,- ասել է Բորելը:

Lancet գիտական ​​ամսագիրը երեքշաբթի հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները` հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: III փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում «Սպուտնիկ V»-ն արդյունավետության, իմունոգենության եւ անվտանգության բարձր տեմպեր էր ցույց տվել. պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոս է կազմել: Պատվաստանյութը լիովին պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: