Telegram-ն արգելափակել է այն էջերը, որոնք չարտոնված ցույցերից հետո հրապարակել են ռուսաստանցիների տվյալները, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների, հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է «Իզվեստիան»:
Նրա խոսքով՝ Telegram-ը վերջին շաբաթներին արգելափակել է մի քանի ալիքներ, որոնք գրառումներ են տեղադրել Ռուսաստանում ընթացած չարտոնված ցույցերի մասնակիցների հեռախոսային համարներով ու հասցեներով:
«Դրանց հետ միասին ալիքներ են հայտնվել, որտեղ հրապարակվում են դատավորների, դատախազների, իրավապահների, ինչպես նաեւ լրագրողների եւ մեդիա մենեջերների բնակության հասցեներն ու հեռախոսային համարները»,- փետրվարի 5-ին Telegram-ում նշել է Դուրովը:
Նա նշել է, որ այդպիսի հրապարակումների մեկնաբանություններում հայտնվել են բռնության կոչեր:
Նրա խոսքով՝ նման գործողությունները հակասում են մեսենջերի կանոններին, որի պատճառով որոշում է ընդունվել «խնդրահարույց ալիքների» արգելափակման մասին:
«Հրապարակային Telegram ալիքների հեղինակներին խնդրում եմ չտարածել բռնության կոչեր եւ այլ մարդկանց անձնական տվյալները»,- նշված է Դուրովի հայտարարության մեջ:
Նա նաեւ խոստացել է Telegram-ի կանոնները կիրառել բոլոր խախտողների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, հաղորդվել էր, որ «Ռոսկոմնադզորը» համացանցում հայտնաբերել է անչափահասներին ուղղված մոտ 2,5 հազար կոչեր չարտոնված ակցիաներին մասնակցելու մասին, դրանք բոլորը հեռացվել են:
Դաշնային խորհրդի հանձնաժողովն իր հերթին առաջարկել է նման կոչերի պատճառով արգելափակել սոցցանցերը:





























