Բեռլինը հանդես է գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին, ընդ որում՝ Գերմանիան նախատեսում է եվրոպացի գործընկերների հետ քննարկել Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից մի քանի դիվանգետների վտարման Մոսկվայի որոշումը, Funke մեդիախմբի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ռուսաստանն ինքն է ընտրում, թե մնացյալ Եվրոպայի հետ ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ... Մենք միշտ շեշտել ենք, թե չենք ցանկանում, որ Ռուսաստանի հետ խոսակցության թելը կտրվի, եւ չնայած բոլոր դժվարություններին, ցանկանում ենք լավ, համենայնդեպս ողջամիտ հարաբերություններ»,- ասել է գերմանացի նախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանից դիվանագետների վտարումից հետո Գերմանիան հետագա քայլերը «շատ մանրակրկիտ» կքննարկի ԵՄ գործընկերների հետ:

Մաասը նաեւ «կարեւոր ազդանշան» է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը պատրաստվում է Ռուսաստանի հանդեպ մոտեցումը համաձայնեցնել եվրոպացի դաշնակիցների հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել չթույլատրված ակցիաներին մասնակցած դիվանագետներին: Խոսքը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում Գերմանիայի դեսպանության դիվանագիտական աշխատակիցների մասին է: Նրանք շուտով երկիրը լքելու են:

Հունվարի 23-ին չարտոնված բողոքի ցույցեր էին ընթացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շարունակվել հունվարի 31-ին ու փետրվարի 2-ին, չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս միջոցառումների կազմակերպիչներին սադրիչներ էր անվանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց «այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի շրջանակից, ոչ թե ուղղակի հակաարդյունավետ է, այլ վտանգավոր»: