Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլա Բիրն արտահայտվել է բելառուսցի դատավորների դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինա-ն:
«Ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ սահմանված անձնական պատժամիջոցները բավարար չեն: Մենք պետք է տարածենք դրանք դատական եւ իրավապահպան համակարգի ներկայացուցիչների, Լուկաշենկոյի կողմնակիցների վրա»,-հայտարարել է Բիր:
Ընդ որում՝ նա հավելել է, որ եվրոպական երկրները պետք է բալանս փնտրեն ճնշման եւ բելառուսական իշխանություններ հետ փոխազդեցության միջեւ:
Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր հերթին հայտարարել է, որ ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է արդյունավետ պատժամիջոցներ սահմանել ընդդեմ նրա «դրամապանակների», ուժայինների, քարոզիչների, նրանց, ովքեր մասնակցել են ընտրությունների կեղծման մեջ, ինչպես նաեւ նրանց, ովքեր այժմ անօրինաբար դատում են բելառուսցիներին:
Հաղորդվում է, որ Բելառուսում 2020 թվականի նախագահական արշավի մեկնարկից ի վեր հարուցվել է ավելի քան 100 քրեական գործ ընդդեմ նախագահական քարոզարշավի մասնակիցների, շտաբերի ակտիվիստների, բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցների, որոնք անցկացվել են ընտրարշավից հետո: 2020 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում կայացվել է ավելի քան 100 դատավճիռ քրեական գործերով, որոնք կապված էին բողոքի ցույցերի եւ դրա հետեւանքների հետ: 2021 թվականի հունվարին հանրապետության դատարանները կայացրել են առնվազն 46 դատավճիռ «քաղաքական գործերով»:
Ինչպես հաղորդվում էր, անցած տարի ԵՄ-ն սահմանել է Բելառուսի դեմ պատժամիջոցների երեք փաթեթ: Անցած տարվա դեկտեմբերին հրապարակվել է ԵՄ Խորհրդի որոշումը պատժամիջոցների երրորդ փաթեթի մասին, որում ներառված է 29 ֆիզիկական եւ յոթ իրավաբանական անձ:





























