Պահանջում ենք ավելացնել գիտության ֆինանսավորումը առնվազն 50 տոկոսով, ինչպես նաեւ ավելացնել դրա ֆինանսավորումը մինչեւ բյուջեի 4 տոկոսը սկսած 2024 թվականից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «EarlyOne и Limetech»-ի համահիմնադիր Գեւորգ Սաֆարյանը:
Նա պարզաբանեց, որ դա հնարավոր է անել աստիճանաբար, այսինքն՝ 2022 թվականից ավելացնել մինչեւ 2 տոկոս, 2023-ից՝ 3 տոկոս: Սաֆարյանը նշեց ռեսուրսների նախնական ինվենտարիզացիայի կարեւորությունը, գիտության զարգացման համատեղումը երկրի զարգացման ռազմավարության հետ եւ մտածված ծրագրի ձեւակերպումն ու դրա իրականացումը համապատասխան ֆինանսավորման միջոցով: «Շատ կարեւոր է նաեւ ապահովել տեխնոլոգիական փոխադրումը, այսինքն՝ տնտեսության մեջ գիտական ձեռքբերումների կիրառումը: Դա, իր հերթին, թույլ կտա էլ ավելի զարգացնել գիտությունը, քանի որ հավելյալ միջոցներ կհայտնվեն: ԿԳՄՍ նախարարը եւ աշխատանքային խումբը եւս համաձայնել են 4 տոկոսի հետ: Այսօր IT-ոլորտում կա 4 հազար աշխատակից, այսինքն՝ կադրեր կան, անհրաժեշտ է միայն ապահովել նրանց պետպատվերով»,-նշեց նա:
Իր հերթին, «Robomart»-ի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը նշեց, որ չի կարելի թույլ տալ Հայաստանում գիտության անհետացում, քանի որ առանց դրա անհնար է զարգացման հասնել: Կարեւոր ուղղություններից նա նշեց ներդրումային մթնոլորտի լավացման անհրաժեշտությունը, երիտասարդների համար գիտության գրավչության մեծացումը: «IT-ոլորտի զարգացմանը զուգահեռ կարեւոր է զարգացնել նաեւ արդյունաբերական ոլորտը, որպեսզի հնարավոր լինի կիրառել նոր մշակումներ գործնականում»,-հավելեց Շահվերդյանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն էլ նշեց պետության, մասնավոր եւ հասարակական սեկտորների սերտ համագործակցության կարեւորությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել գիտությանը՝ ելնելով ավանդական մոտեցումից, երբ կրթությունն ու գիտությունը դիտարկվում են մեկ հարթակում: «IT-ոլորտում 25-30 տոկոս ամենամյա աճ ապահովելու համար կարեւոր է պահել գիտական ոլորտում կադրերը: Նման մասնագետները երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունք են տալիս, քան այն դեպքում, երբ որոշում են հեռանալ մասնավոր ոլորտ: Եթե մենք հասնենք գիտության զարգացման մակարդակի, դա թույլ կտա ավելի ինտենսիվ ներգրավվել միջազգային նախագծերում»,-ասաց նա:
«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ հավելեց, որ իր ընկերության օրինակով կարող է ասել, որ Հայաստանում կարճ ժամանակահատվածում հաջողված գիտական արտադրանք ստեղծել հնարավոր է: «Ընկերությունը ընդամենը 4 տարեկան է, եւ արդեն արժե 120 մլն դոլար: Այդ ներուժը պահպանելու եւ զարգացնելու համար անհրաժեշտ է ավելացնել գիտության ֆինանսավորումը»,-եզրափակեց նա:




























