Խաչատուր Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչները և աշակերտները փետրվարի 3–ից սկսած ամեն օր դասադուլ են իրականացնում՝ պահանջելով դպրոցի նորընտիր տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականը։ Փաստորեն, արդեն մի քանի օր դպրոցում դասապրոցեսը խաթարված է, մինչդեռ նախարարությունից, ինչպես NEWS.am-ին փոխանցեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, որևէ փորձ չի արվել ուսուցիչների կամ ծնողների հետ հանդիպելու և խնդիրը հարթելու։
Հայկ Փայտյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցում ստորագրահավաք է իրականացվել, դիմել են ԿԳՄՍ նախարարություն, սակայն դեռևս արձագանք չկա։
«Նախարարություն էինք դիմել մինչև Առաքելյանի նշանակվելը, իսկ նրա ընտրվելուց հետո դիմեցինք կառավարության ղեկավարին։ Հիմա սպասում ենք արձագանքի, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անում՝ դու՞րս ենք գալիս աշխատանքից, թե՞ շարունակում ենք աշխատել մեր նախկին տնօրենի ղեկավարությամբ։ Դպրոցում սովորում է մոտ 370 աշակերտ, 300–ից ավելին մասնակցել է ստորագրահավաքին»։
Ուսուցիչը նշեց, որ տնօրեն Քարմիլե Առաքելյանը շարունակում է գնալ դպրոց, իսկ աշխատասենյակի տարածքը հսկում են ոստիկանները։
«Տնօրենը գալիս, մտնում է կաբինետ և այնտեղ մնում մինչև օրվա վերջ։ Մեզ սպառնում է, ասում է՝ աշխատավարձից կկտրեմ։ Մեր աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ բարոյահոգեբանական միջավայր չկա, մենք չենք կարող այս միջավայրում աշխատել։ Ընդ որում, ծնողներից շատերը կային, որ եկել էին ու ուզում էին իրենց երեխաների գործերը վերցնել ու հանել դպրոցից։ Մենք հորդորեցինք դեռևս դուրս չգալ և սպասել գոնե 2–3 օր՝ տեսնենք լիազոր մարմինն ինչ է որոշել։ Եթե որոշումը չչեղարկվեց, մենք այլևս չենք փորձելու երեխաներին և ծնողներին համոզել, որ մնան»։
Դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ շարունակելու է պաշտոնավարել և նաև նշեց, որ նախարարությունը զբաղվում է այս խնդրով, իրենք համագործակցում են։
Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն արդեն 7 օր դասադուլ են իրականացնում դպրոցում՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։





























