Եվրահանձնաժողովը պաշտպանել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետին՝ Ռուսաստան կատարած նրա այցի կապակցությամբ, որը համընկել է եվրոպացի երեք դիվանագետների արտաքսման հետ:

ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելն ասել է, որ դիվանագետներին արտաքսելու մասին սոցիալական ցանցերից է իմացել, երբ ուրբաթ օրը Մոսկվայում զրուում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախորդ գիշեր իր բլոգում Բորելը նշել էր, որ արտաքսումները դադարեցնելու Ռուսաստանին ուղղված իր կոչերն անտեսվել են, գրում է Reuters-ը:

Էստոնիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Ռիխո Տերասը, որն այժմ Եվրախորհրդարանի պատգամավոր է, Բորելի պաշտոնանկության արշավ է սկսել:

Բայց Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե չի ափսոսում, որ Բորելը այցելել է Մոսկվա՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության համակարգող, քանի որ Ռուսաստանը «գնում է առճակատման, որը Բորելը փորձում էր կանխել»: «Ուղեւորությունն անհրաժեշտ էր: Չի կարելի հրաժարվել ուղեւորությունից, քանի որ բարդ է թվում»,- ասել է ԵՀ ներկայացուցիչ Էրիկ Մամերը: «Ուղեւորությունը հաջողություն կամ ձախողում չէ՝ ելնելով այն բանից, թե ինչ է տեղի ունենում որոշակի պահին»:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները «հարաբերությունների խզման նախաձեռնողներ չեն եղել»:

Նրա խոսքով՝ ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու կալանքի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու կապակցությամբ Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից դիվանագետների արտաքսումը տեղի է ունեցել Բորելի ուղեւորության նախորդ օրը:

Երկու դիվանագետների խոսքերով՝ Եվրամիության մի քանի երկրներ այժմ ուժեղացնում են ճնշումը՝ Մոսկվայի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցներ կիրառելու համար: Ըստ նրանց՝ երկուշաբթի Լեհաստանը տեսազանգ է անցկացրել ԵՄ երկրների հետ, որին միացել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ուկրաինայի դեսպանորդները, ինչպես նաեւ Նավալնու կողմնակիցներ։