Հայկական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները լուրջ դեր խաղացին ռազմավարական օբյեկտների պաշտպանության գործում: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա` ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության ոլորտում խնդիրն այն է, որ այն համակարգերը, որոնց դեմ դրանք ստեղծվում են, ավելի առաջադեմ են, քան բուն պայքարի համակարգերը: Նա պարզաբանեց, որ դա խոսում է այն մասին, որ ռադիոէլեկտրոնային պայքարի այսօրվա համակարգերն ինչ-որ պահի կարող են անօգուտ լինել, ուստի կարեւոր է մտածել այլ լուծումների մասին:
«Լուծում կարող է լինել, օրինակ, արհեստական բանականության տարրերի օգտագործումը, որոնք օգտագործվում են հայկական արտադրության գրոհային անօդաչու թռչող սարքերում: Դա թույլ է տալիս նույնականացնել օբյեկտները, եւ հետադարձ կապի կարիք չկա, որը թշնամին նույնպես կարող է ճնշել»,- հավելեց Արշակյանը:




























