ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ քննարկվում է գործի նյութերի տրամադրման մասին միջնորդությունը:
Փաստաբան Ալումյանի միջնորդության քննարկումից եւ ընդմիջումից հետո դատարանը սկսեց քննարկել տուժող Սերգեյ Եղիազարյանի միջնորդությունը: Միջնորդության բովանդակությունը ներկայացրեց նրա ներկայացուցիչ Ասլանյանը: Միջնորդությունը վերաբերում է գործի նյութերի լրիվ ծավալի տրամադրմանը: Ներկայացուցիչը հիշեցրեց, որ միջնորդությունն ավելի վաղ ներկայացվել է եւ թողնվել առանց քննարկման:
Ինչպես պարզվեց, տուժողը պահանջում է ներկայացնել գործն ամբողջությամբ: «Ստիպված են պահանջել ամեն ինչ, քանի որ քննությունը չի ներկայացրել բոլոր անհրաժեշտ նյութերը»,-պարզաբանեց Ասլանյանը: Նյութերն անհրաժեշտ են, որպեսզի հաստատվի վստահորդի կապը մեղադրյալներից յուրաքանչյուրի հետ: Պարզվել է, որ դատարանից ոչ մի որոշում նա չի ստանում, ստանում է միայն փաստաբանների տարածած հաղորդագրությունները, ինչի համար նրանց շնորհակալություն: «Ձեռքի տակ ոչինչ չկա՝ բացի դատարանի օրակարգից եւ հարցաքննության հատվածից»,-ասաց ներկայացուցիչը: Հարցաքննությունից պարզ է դառնում, որ տուժողը ծեծի է ենթարկվել 6 ոստիկանների կողմից, որոնց հետքն այլեւս չկա: «Ես պետք է ենթարկվե՞մ այդ փաստաթուղթը կազմողի քմահաճույքներին»,-վրդովմունք հայտնեց Եղիազարյանը: Ասլանյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ Եղիազարյանը ժամանակին ներգրավված է եղել որպես մեղադրյալ:
Դատարանը հստակեցրեց, որ ավելի վաղ Ասլանյանը բացարկ է հայտնել դատախազներին միեւնույն հարցով՝ գործի նյութերի ամբողջական ծավալի տրամադրումից հրաժարում:
Լսելով ներկայացուցչին՝ դատարանը միջնորդությունն առանց քննարկման թողեց:





























