Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 64 ընկերությունների 1 մլրդ դրամի (շուրջ 200 մլն դոլարի) դրամաշնորհ է հատկացվել: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ 22 ընկերությունների տրվել է 10-ական մլն դրամ (շուրջ 20 հազար դոլար), եւս 42 ընկերության՝ 20-ական մլն դրամ: «20-ական մլն դրամ է տրվել առավել կայացած ընկերություններին»,- հավաստիացրեց նախարարը:
Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին աջակցության ծրագրին, որը Կառավարությունն ընդունել էր համավարակի ժամանակ, ապա Արշակյանի պարզաբանմամբ՝ այն պատերազմի շրջանում կասեցվել էր եւ նախատեսվում է վերագործարկել արդեն կառավարության առաջիկա նիստին: «Նախատեսվում է, որ օգնություն կստանան ավելի քան 60 ընկերություններ»,- շեշտեց նա:
Նախարարի խոսքով՝ դրանից բացի, նախատեսվում է կրկին վերագործարկել «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագիծը, որն ուղղված է ամբողջ աշխարհում մյուս տեխնոլոգիական կենտրոնների հետ Հայաստանի կապերի հաստատմանը:
Հակոբ Արշակյանը հավելեց, որ Երեւանում ինժեներական քաղաքի նախագծին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 6 ընկերություններ, որոնք քննարկման փուլում են:





























