2021 թվականին իրականացվելու է «Զինվորի հաջողությունը» փորձնական ծրագիրը՝ ուղղված ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների սատարմանը, եւ ՏՏ ոլորտում վերաորակավորմանը: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա հավելեց, որ 2020 թվականի վերջին որոշում է ընդունվել «բուհ – մասնավոր հատված» համագործակցության ձեւաչափում կադրերի պատրաստման ծրագրի շրջանակում ղարաբաղյան պատերազմում վիրավորվածների եւ մասնակիցների անվճար ուսուցման կազմակերպման մասին: «Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակում 2020 թվականին բոլոր դիմորդների համար հատկացվել է 400 մլն դրամ»,- նշեց նախարարը:





























