Հրաժարական տալ չեմ պատրաստվում, ես խոստումներ եմ տվել ժողովրդին եւ քայլ առ քայլ կատարում եմ դրանք: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Անդրադառնալով իրեն Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերին՝ նա հեգնանքով նշեց. «Մինչ Չեխիան դեսպան էի նշանակվել ԱՄՆ-ում եւ պատրաստվում էի ընդունել Ճապոնիայում դեսպանի պաշտոնը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը խնդրեց Մարությանին, որ աշխատանքից ազատվելու դեպքում ավագանին լուծարելու միջոց գտնի, քանի որ նրա ոչ մի ներկայացուցիչ արժանի չէ զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Նա նաեւ կոչ արեց քաղաքապետին խոստովանել, որ, ի տարբերություն իրեն, նախկին իշխանությունները կառուցել են 10 նոր բազմաբնակարան շենքեր եւ լուծել են 20-30 վթարային շենքերի խնդիրը, իսկ ինքը փորձում է իր վրայից հանել Երեւանի խնդիրների լուծման պատասխանատվությունը:











