«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Սերգեյ Մինասյանը լավատես է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ շնորհելու հարցում։
Պատասխանելով ջավախքահայերի վիճակի եւ վրացերեն սովորելու խնդրի վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ վրացերեն սովորելն ավելի քան օգտակար է։ «Սակայն դա չպետք է արվի ի վնաս հայերենի։ «Հայերը վրացերեն չեն սովորում ոչ թե այն պատճառով, որ այդ լեզուն նրանց դուր չի գալիս, այլ այն պատճառով, որ կադրային, կարիերայի եւ այլ աճի հեռանկարներ չեն տեսնում»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ վրացերեն սովորելու համար Վրաստանի իշխանությունները պետք է շահագրգռեն ջավախքահայերին:
Միաժամանակ, փորձագետը նշեց, որ շրջանում իրականացվող մի շարք նախագծերի իրականացման արդյունքում, փոքր-ինչ նվազել է սոցիալ-տնտեսական լարվածությունը։




























