Հանրապետական կուսակցության տասյակ նախկին պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ կուսակցությունը չի ցանկանում դեմ գնալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ «ԱՄՆ ժողովրդավարությունը խարխլելու նրա փորձերին», բանակցություններ են վարում աջակենտրոն առանձին կուսակցություն ստեղծելու շուրջ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրները:

Քննարկումների վաղ փուլին մասնակցում են Հանրապետական կուսակցության նախկին պաշտոնյաները, ովքեր աշխատել են Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ կրտսերի, Ջորջ Բուշի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք, ինչպես նաեւ` նախկին դեսպաններ եւ ստրատեգներ Հանրապետական կուսակցությունից:

Անցյալ ուրբաթ նրանցից մոտ 120-ը զրույց են ունեցել Zoom-ում` առանձնացված խբի քննարկման համար, որն աշխատելու է «սկզբունքային պահպանողականության» եւ Սահմանադրության ու օրենքի գերակայության հիման վրա` գաղափարներ, որոնք, մասնակիցների խոսքով, ջախջախվել են Թրամփի կողմից:

Էվան Մաքմալինը, ով Պալատի հանրապետական ​​համաժողովի գլխավոր քաղաքական տնօրենն էր եւ որպես անկախ թեկնածու մասնակցում էր 2016-ի նախագահական ընտրություններում, Reuters-ին հայտնել է, որ ինքը նախկին պաշտոնյաների հետ տեսազանգի կազմակերպիչներից մեկն էր, ովքեր անհանգստացած էին հանրապետականների և կուսակցության նկատմամբ Թրամփի վերաբերմունքի կապակցությամբ: Եվս երեք անանուն աղբյուր Reuters-ին հաստատել են, որ այդ զրույցը տեղի է ունեցել:

Քննարկման մասնակիցների թվում էին նաեւ Թրամփի օրոք Ազգային անվտանգության նախարարության գլխավոր խորհրդական Ջոն Միթնիկը, նախկին հանրապետական ​​կոնգրեսական Չարլի Դենթը, Թրամփի ազգային անվտանգության նախարարության շտաբի ղեկավարի տեղակալ Էլիզաբեթ Նոյմանը եւ Թրամփի օրոք ազգային անվտանգության նախարարության մեկ այլ նախկին պաշտոնյա` Մայլզ Թեյլորը: